Օրերն անցնում են, սակայն «Ոսկե գնդակի» խաղարկության արձագանքները մնում են ֆուտբոլային թիվ մեկ թեմա: Սա միանգամայն բնական է, որովհետև պատվավոր մրցանակի հնգակի տեր դառնալով՝ Մեսին իսկապես նվաճեց մի բարձունք, որից այն կողմ ոչ թե չկա, այլ որից այն կողմ նվաճելու ունակ մեկ ուրիշը չկա:
Բնականաբար, իրենից բացի:
Տեսականորեն նրա հետ կարող է մրցակցել Քրիշտիանու Ռոնալդուն, ով պատվավոր մրցանակի եռակի դափնեկիր է, սակայն այս դեպքում պիտի ընդունենք, որ 28-ամյա Մեսին պիտի շատ ավելի վաղ վաստակած հանգստի գնա 31-ամյա պորտուգալացուց, որ վերջինիս համար ծավալվելու դաշտ ապահովի: Բնականաբար Մեսին առաջիկա չորս-հինգ տարում դա, հուրախություն իր տաղանդի երկրպագուներիս, չի անի, եթե, Աստված մի արասցե, չստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ: Ավելին, այդ տարիները «սպառնում» են նրա նվաճելիք «Ոսկե գնդակների» թվի ավելացումով: Բոլոր դեպքերում պարզորոշ հայտնի է մի բան՝ առաջիկա ժամանակներում տեսանելի չէ այն մեկը, ով կարող է կրկնել նրա նվաճումը:
Դառնանք արձագանքներին:
Լրագրողական համքարությունը հիացքով է ընդունել արգենտինացու հերթական հաղթանակը, ու այդ հիացքի գլխավոր լայտմոտիվը հետևյալն է. «Այդ տղան 28 տարեկան է, սակայն արդեն հինգերորդ անգամ է դառնում մոլորակի լավագույն ֆուտբոլիստ»:
Իտալական Gazetta dello Sport-ը գրում է. «Մեսին նվաճեց «Ոսկե գնդակն» ու շատ հետ թողեց այնպիսի վարպետների, որպիսիք են Յոհան Կրուիֆը, Միշել Պլատինին ու Մարկո վան Բաստենը: Ճիշտ է, որ Քրիշտիանու Ռոնալդուի հետ նրանց տիրակալության վերջը պիտի գա, քանի որ պորտուգալացին փետրվարին կդառնա 31 տարեկան: Մենք այս տարիները կհիշենք որպես Մեսիի դարաշրջան»:
Ֆրանսիական France Football-ը, որը ՖԻՖԱ-ի հետ համատեղ հանձնում է «Ոսկե գնդակը», Մեսիին անվանել է մրցակցության անվիճելի հաղթող. ««Ոսկե գնդակը» Լիոնելին բաժին է հասել անվերապահորեն: 41-ն ընդդեմ Քրիշտիանու Ռոնալդուի 27 տոկոսի` ծանրակշիռ առավելություն է: Արգենտինացին պորտուգալացուց ավարը վերցրեց երեք տարի անց ու դա արեց շատ վստահ»:
Ֆրանսիական մեկ այլ պարբերական՝ L’ Equipe-ը, նշել է, որ «Ոսկե գնդակը» արդեն յոթ տարի անընդմեջ բաժին է հասնում իսպանական առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստի: Վերջին «ոչ իսպանական» հաղթողը եղել է Քրիշտիանու Ռոնալդուն` 2008-ին, ով այն ժամանակ հանդես էր գալիս անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կազմում. «Յոթ տարի մրցանակը չի լքում Իսպանիան: Զարմանալի է, թե իր 28-ում Մեսին ինչպես է հաջողացրել հինգ անգամ նվաճել «Ոսկե գնդակը»: Նա վաստակել է այն»:
Գերմանական Bild-ը շատ ավելի հեռու է եղել գնահատականներում ու համարձակվել է ենթադրել, որ արգենտինացու ռեկորդը կարող է այլևս չկրկնվել, թեպետ Մեսին կանոնավորապես թարմացնում է անհասանելի թվացող ռեկորդները:
Բնականաբար Մեսիի նվաճումը մեծագույն ոգևորությամբ է ընդունվել նրա հայրենիքում: Հաղթանակը ներկայացնելիս Ole-ն չի խնայել հիացական մակդիրները. «Դա զարմանալի, շնչարգելության հասցնող, պատմական, աննախադեպ իրադարձություն է: Ոչ մեկին չի հաջողվել հասնել այն բանին, ինչին հասել է Մեսին»:
Մադրիդյան Marca-ն, որ բնականաբար Մեսի-Ռոնալդու մրցակցությունում վերջինիս կողմն էր, որքան էլ չոր է եղել գնահատականում, այդուհանդերձ չի կարողացել չփաստել, որ, Ցյուրիխում հինգերորդ անգամ տեր դառնալով «Ոսկե գնդակին», Մեսին իր կարիերան հասցրեց նոր մակարդակի:
Իսկ իսպանական մեկ այլ պարբերական` Mundo Deportivo-ն, փաստել է, որ, ստանալով մրցանակը, արգենտինացին չի մոռացել հիշատակել իր թիմակիցներին, որոնց շնորհիվ նաև դարձել է 2015 թվի լավագույն ֆուտբոլիստ. «Լիոնելն ընդգծեց, որ իր հաջողությունում մեծ ներդրում են ունեցել ընկերները «Բարսելոնից», որոնց հետ անցած տարում նվաճեց հինգ մրցանակ: Նա նաև նշեց, որ իր անձնական ամբիցիաներն ավելի ցածր են կանգնած թիմային հաջողություններից»:
Համաշխարհային մամուլի այլ անդրադարձներ էլ կարելի է հիշատակել, սակայն բավարարվենք այսքանով: Փաստը մնում է փաստ, որ Մեսին լեգենդար անձ է, ու իսկապես մենք երջանիկ սերունդ ենք, որ ապրում ենք նրա դարաշրջանում: Այդ տղան բառիս բուն իմաստով ֆուտբոլային հրաշագործ է, ու խոշոր հարց է, թե ժամանակը մեկ էլ կարո՞ղ է ծնել նման կարգի մեծություն: Վերջում ավելացնենք միայն, որ «Ադիդաս» ֆիրման նոր խաղակոշիկներ է արտադրել Լիոնել Մեսիի՝ «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալ դառնալու կապակցությամբ: Խաղակոշիկները, որոնց վրա պատկերված են արգենտինացու շահած «Ոսկե գնդակները», ունեն «Պատմության լավագույնը» մակագրությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ